Հանրային լսում Վայքում՝ «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի շրջանակներումԱվելացրեց: ArmavirDC | Ամսաթիվ: 2019-03-18
Նայվել է :351
Հանրային լսում Վայքում՝ «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի շրջանակներում
Մարտի 15-ին, Վայք քաղաքում Արմավիրի զարգացման կենտրոն (ԱԶԿ) հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ համատեղ, իրականացրեց «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020թթ-ի ռազմավարության վերաբերյալ հանրային լսում։
Հանդիպման նպատակն էր քննարկել կառավարության թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ հանձնառությունների փաթեթը ու թե ինչպե՞ս կարող ենք նպաստել առավել հաշվետու և թափանցիկ կառավարման կայացմանը մեր երկրում: Քննարկմանը մասնակցեցին Վայոց Ձորի և Սյունիքի մարզի ՏԻՄ-երի, քաղ, հասարակության ներկայացուցիչներ, ՓՄՁ-ներ ու ակտիվ քաղաքացիներ։
Հանդիպումը ենթադրում էր բաց և մասնակցային քննարկման ձևաչափ, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունենացավ ներկայացված ոլորտային բարեփոխումների իրականացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, գաղափարներ փոխանակել:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ ոլորտային բարեփոխումները՝
►Ջրային ռեսուրսների կայուն օգտագործում (առկա ռեսուրսների քարտեզագրում, կառավարում),
►Հողային կադաստրի հանրային հասանելիության արդիականացում,
►Առողջապահություն․պետպատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում,
►ՏԻՄ հաշվետվողականություն, վարչական ծառայությունների էլեկտրոնային հարթակի ստեղծում (էլեկտրոնային ծառայությունների տրամադրում) և համայնքային բյուջեների կազմում։
Հավաքված առաջարկները կամփոփվեն ԱԶԿ ՀԿ փորձագետների կողմից և կներկայացվեն ՀՀ Կառավարությանը՝ հանձնառությունների իրականացման փուլում հանրային կարծիքը հաշվի առնելու համար։
|