Մամուլում բուռն քննարկումներ ռազմավարության նախագծի շուրջԱվելացրեց: Armavirdc | Ամսաթիվ: 2018-03-31
Նայվել է :709

Մամուլում բուռն քննարկումներ ռազմավարության նախագծի շուրջ
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում մարտի 28-ին հրապարակվեց «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունը հավանություն տալու մասին » ՀՀ կառավարության որոշումը: Ռազմավարությունը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Մարտի 31-ի դրությամբ ռազմավարության համար քվերակողների 56 տոկոսը կողմ է արտահայտվել, իսկ 44 տոկոսը` դեմ:

Մամուլն էլ, կարծես, նախագծի շուրջ շատ չպարզված հարցեր ունի: Արմավիր ինֆոտան քաղլրագրողների կողմից ուսումնասիրվել են թեմայի շուրջ armtimes.com, factor.am և tert.am կայքերում արված հրապարակումները:
Ռազմավարության շրջանակներում նախատեսվող գործողություններին մասնակցող կառույցներն են լինելու ՀՀ կրթության և գիտության,պաշտպանության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները, մարզպետարանները, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ–ում գործող հեռուստաընկերությունները, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանությունը, Հայ Առաքելական Եկեղեցին /համաձայնությամբ/:
armtimes.com կայքում հրապարակված «Ռազմահայրենասիրական կրթությունն ընդդեմ միասեռ ամուսնությունների է, եւ հանուն հայ ընտանիքի» վերնագրով հոդվածում ընդգծված է հեղինակի (Աննա Զախարյան) ժխտողական վերաբերմունքը:
Հոդվածում ներկայացվում է հարցազրույց ԿԳ նախարարության մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության առաջատար մասնագետ Արթուր Կարապետյանի հետ և որպես հեղինակային մեջբերում մեղադրական հավելում կատարում. «ի դեպ, հազվադեպ երեւույթ է, որ գերատեսչության որդեգրած քաղաքականությունը չներկայացվի առնվազն բաժնի պետի մակարդակով»:
Այստեղ երևում է նաև հոդվածագրի սյուբյեկտիվ ընկալումը զրուցակիցներ ընտրելիս` կարևորը պաշտոնն է, այլ ոչ տեղեկացվածության աստիճանը, այլապես գուցե հոդվածագիրը ներկայացներ, որ փաստաթղթի վրա երկու տարի աշխատել և հեղինակել է հենց իր զրուցակիցը:
Այս մասին նշել է factor.am կայքն իր թեմատիկ հոդվածում:
Ընդհանուր առմամբ armtimes.com կայքի հոդվածում բարձրացվում են հարցեր, որոնք առկա են փաստաթղթի շուրջ, սակայն առաջին հարցից սկսած լրագրողը ցույց է տալիս զրուցակցին, որ լավ գիտի, թե ինչ պատասխաններ են հնչելու և թերահավատորեն է մոտենում. «....Վստահ եմ, որ կասեք՝ այդպիսի նպատակ չի հետապնդվում, բայց ինչո՞վ եք համոզված, որ հենց դա չէ տեղի ունենալու»:
Զրուցակիցը այստեղ ոչ միայն բացատրում է ռազմավարության էությունն ու սկզբունքները, այլ նաև անում հայտարարություններ, որոնք հետագայում գուցե մեծ քննարկումների առիթ դառնան. «Օրինակի համար՝ միասեռ ամուսնությունները: Դա մեր հասարակությանը հարիր երեւույթ չէ: Դա վաղը-մյուս օրը դառնում է այդ երկրների մշակութային մասը, այն արդեն գնահատված է, ոչ ոք չի կարողանում դրան ձեռք տալ, որովհետեւ արդեն արժեք է: Իսկ այդ արժեքին մենք այսօր պատրաստ չենք»:
Նյութում նաև ներկայացվում է եկեղեցու դերակատարման մասին . « Նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկություն ունեն գնալու, նստելու, զրուցելու: Նաեւ հոգեւորականը կգա դպրոց»:
Հոդվածը ավարտվում է անհասկանալի ձևակերպումներով: Արթուր Կարապետյանի օրինակի շուրջ բանավեճով.
«Օրինակ՝ ուսուցիչը հիվանդանում է, չի գալիս այդ օրը դասի, աշակետը ուրախանում է, թե չի ուրախանում:
- Ուրախանում է:
- Այսինքն՝ մարդու դժբախտությունն իր ուրախությունն է: Դրանք շատ նուրբ ելեւէջների մեջ են եւ նմանատիպ շատ օրինակներ կարելի է ասել, որոնք պահանջում են մասնագիտական լուրջ մոտեցումներ:
- Չե՞ք կարծում, որ շատ խիստ եք դատում եւ աշակետը ոչ թե ուրախանում է ուսուցչի հիվանդ լինելով, այլ ընդամենը որովհետեւ նա չի եկել ու ինքն ազատ կլինի:
- Բայց փաստորեն հիվանդ էր, չէր եկել: Կապ չունի, մարդը սկսեց ուրախանալ, մարդը սկսեց եզրակացություն անել, այն էլ փոքր տարիքից»:
factor.am կայքը թեմային անդրադարձել է կոնտեքստից դուրս գրված վերնագրով հոդվածում . «Ռազմահայրենասիրական դաստիարակությանը կնպաստեն նաև մաթեմատիկան և քիմիան. ԿԳՆ պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ »:
Վերնագիրը ԿԳՆ պաշտոնյա Արթուր Կարապետյանի խոսքից է մեջբերված. «Այն դասերը, անգամ մաթեմատիկայի, քիմիայի, որոնք կարող են նպաստել ռազմահայրենասիրական դաստիարակությանը կամ ռազմագիտության առարկային հարում են, պետք է այդ ժամերը հնարավորինս էֆեկտիվ օգտագործել»:
Հեղինակի սյուբեկտիվ վերաբերմունքը երևում է նաև երկու զրուցակիցների խոսքի ներկայացման ոճից: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքը սահուն է, գրական, իսկ այ տասներկու տարի դպրոցում աշխատած ԿԳՆ պաշտոնյան խոսում է ա-երով: Անմիջապես ընթերցողի մոտ ձևավորվում է վերաբերմունք:
Իրականում հեղինակը (Մհեր Արշակյան) մի զրուցակցի խոսքը խնամքով խմբագրել է, երկրորդինը` ոչ:
Այս հոդվածն, իհարկե, իր դրական կողմն ունի, երբ ներկայացվում է գոնե երկու հակադիր կածիք և հակափաստարկներ` կողք կողքի:
www.tert.am կայքը նույնպես անդրադարձել է նախագծին ներկայացնելով նյութը միակողմանիորեն: «Սովորական ֆաշիզմ. Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունում բազմաթիվ քսենոֆոբ ձևակերպումներ կան. Կարծիքներ» վերնագրով նյութում հնչում է երկու կարծիք երկուսն էլ բացասական:
Հեղինակ Անուշ Դաշտենցը ներկայացնում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի և ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ժխտողական վերաբերմունքը որոշման նախագծերի շուրջ, ովքեր իրենց փաստարկներն են ներկայացնում, թե ինչու են դեմ նախագծին:
Այսպիսով` նախագիծը հարթակում կմնա մինչև ապրիլի 14-ը: Մինչ այդ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընթերցել, քվեարկել և ներկայացնել իր առաջարկություններն ու նկատառումները:
Հեղ.` Արմավիր ինֆոտան քաղլրագրողներ
Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
|